понедельник, 25 мая 2015 г.

Անհատական առաջադրանք (պատմություն)




ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

1985թ. հռչակված «վերակառուցման» քաղաքականությունը եւ կիսատ-պռատ բարեփոխումներն ավելի խորացրին ԽՍՀՄ-ում տիրող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը: Օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ազգային հանրապետություններն աստիճանաբար բռնեցին անկախացման ուղի: Հայաստանում այդ գործընթացը սկսվեց ղարաբաղյան շարժման հիմքի վրա, 1989թ. կեսերից:
Այսպիսի իրավիճակում, 1990թ. մայիսի 20-ին տեղի ունեցան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններ, որում հիմնական տեղերը գրեթե հավասարապես զբաղեցրին ՀՀՇ-ն եւ ՀԿԿ-ն (Հայաստանի կոմունիստական կուսակցություն): Օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Դրանով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը, իսկ Ղարաբաղի հարցը թեւակոխեց նոր փուլ: Այն Հայաստանի անկախության գործընթացի սկիզբն ավետող առաջին իրավական փաստաթուղթն էր, որը նախանշեց նրա քաղաքական, տնտեսական եւ մշակութային զարգացման ուղիները: Նկատենք, որ թեեւ դեռեւս Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր եւ չուներ իրական անկախություն, սակայն այս ժամանակ դրվեցին Երրորդ հանրապետության հիմքերը:
Այդ փաստաթղթով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու բացառիկ իրավունքը վերապահվեց ՀՀ Գերագույն խորհրդին: Ընդունվեցին նոր պետականության խորհրդանիշները՝ դրոշը եւ զինանշանը, որոնք առաջին հանրապետության խորհրդանիշներն էին: Հռչակվեց հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հաստատված չէր Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն: Վերականգնվում էին Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքները: Հռչակագրում հատուկ կետ մտցվեց հայոց ցեղասպանության մասին, թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր դրան: Հռչակագրի պատմական նշանակությունը կայանում է նաեւ նրանում, որ այն հիմք հանդիսացավ ազգային օրենսդրության եւ ՀՀ նոր սահմանադրության համար:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու հարցով: Բնակչության ճնշող մեծամասնությունը, այսինքն՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ը), «այո» ասաց անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ ՀՀ առաջին նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում Ռուսաստանի, ՈՒկրաինայի եւ Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր` որպես միջազգային սուբյեկտ եւ աշխարհաքաղաքական իրողություն ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին: Միաժամանակ ազդարարվեց միջազգային նոր սուբյեկտի՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին
1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում նախկին խորհրդային 11 հանրապետություններ՝ Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, ՈՒզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր: Դրանով ավարտվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը: ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Մ. Գորբաչովը ստիպված հրաժարական տվեց: Հայաստանը դարձավ անկախ պետություն:
1991թ. վերջերից Հայաստանի Հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել: 1991թ. դեկտեմբերին ՀՀ-ն ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան եւ այլ պետություններ: 1991թ. դեկտեմբերին ՀՀ անկախությունը ճանաչեց նաեւ Թուրքիան, որը, սակայն, հրաժարվեց հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ դրա համար առաջադրելով մի շարք անընդունելի նախապայմաններ: 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այնուհետեւ անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների:

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր։

Պայմանագրի կետերի համաձայն

I. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
II. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
III. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
IV. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
V. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
VI. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։
VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։
Այսպիսով 1920 թվականի դեկտեմբերի սկզբին Խորհրդային Ռուսաստանը բռնազավթում է Հայաստանը, այն վերանվանում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, և այնտեղ հաստատում դրածո վարչախումբ։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայ հեղկոմի անդամները, իսկ դեկտեմբերի 6-ին 11-րդ բանակի մի զորամաս։ Երևան հասնելուց հետո բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Բռնազավթման առաջին ամիսներին բոլշևիկները սպանում են հարյուրավոր հայ սպաների, մտավորականների, Հայաստանի կառավարության անդամների, որոնք հրաժարվում են համագործակցել զավթիչների հետ։ 1921 թվականին բոլշևիկները հազարավոր հայ սպաների և մտավորականների աքսորում են Ադրբեջան և Ռյազան։ Հայաստանի խորհրդային 70-ամյա բռնազավթումն ավարտվում է 1991-ի սեպտեմբերի 21-ին. հայ ժողովուրդը անկախության հանրաքվեով դուրս է գալիս Խորհրդային Միությունից։
Տարածքային կառավարման համակարգ
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ սկսեցին կազմավորվել վարչատարածքային այն միավորները, որոնք բնորոշ էին Խորհրդային Միությանը: Դա կարգավորվում էր ՀԽՍՀ Գերագույն Սովետի հրամանագրով հաստատված՝ <<ՀԽՍՀ վարչատերիտորիալ կառուցվածքի հարցերի լուծման կարգի մասին>> կանոնադրությամբ: Համաձայն գոյություն ունեցող իրավական ակտերի՝ բնակավայրերը դասակարգվում էին քաղաքայինի եւ գյուղականի: Ընդ որում, քաղաքային բնակավայրեր էին համարվում հանրապետական ենթակայության, շրջանային ենթակայության քաղաքները եւ քաղաքտիպ ավանները, իսկ գյուղական` գյուղերը եւ ավանները՝ անկախ դրանց վարչական ենթակայությունից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում էր 37 վարչական շրջանի:


ՀՀ-ում տարածքային կառավարման բարեփոխումներն սկսվեցին 1995թ-ից: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առաջնային դարձան պետական ինստիտուտների եւ պետական կառավարման համակարգի ներդրումը: Պետական կառավարման համակարգում կատարվող փոփոխություններն իրենց ամրագրումը ստացան 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրության մեջ:


Պետական կառավարման համակարգում վարչատարածքային բաժանումն առանձնահատուկ տեղ ունի եւ պատահական չէ, որ ՀՀ Ազգային Ժողովը պետական կառավարման համակարգի ժողովրդավարացմանն ուղղված օրենքների շարքում առաջնահերթ ընդունեց <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքը, հիմք ընդունելով Սահմանադրության 104-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերն ու համայնքները, մարզերն կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից:


<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզերի` դրանք են Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ: ՀՀ մարզերում իրականացվում է տարածքային կառավարում, որը կանոնակարգվում է ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի <<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>> թիվ 728 հրամանագրով, իսկ հանրապետությունում առկա 915 համայնքներում` տեղական ինքնակառավարում, ինչն էլ կարգավորվում է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով:


Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը իրականացվում է <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված դրույթներին համապատասխան: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Երևանում տարածքային կառավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իրշխանության հանրապետական այլ մարմինների: